Expandmenu Shrunk

ՄԱՍՈՒՆՔԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ

ՄԱՍՈՒՆՔԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ / 30․03․2019թ․

ՄԱՍՈՒՆՔԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ
ՄԱՍՈՒՆՔԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ / 30․03․2019թ․

Բերձորում՝ երկրորդ անգամ

Մարտի 30-ին Երևանի «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում էր և Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում հանդես եկավ ազգագրական, ժողովրդական և ռազմահայրենասիրական երգ ու պարերի կատարումով: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, բերձորցիներ, հարևան համայնքների բնակիչներ, հյուրեր: Մինչ համերգի սկսվելը՝ զրուցեցի համույթի համաղեկավար Լուսինե Մկրտչյանի հետ:
-Երկրորդ անգամ ենք Բերձորում, -ասաց Լուսինեն, -համերգը նվիրվում է 2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: 2015 թվականի օգոստոսին առաջին անգամ, ՀՕՄ-ի օժանդակությամբ, այցելեցինք Արցախ և մեր ելույթներն սկսեցինք Բերձորից: Այս անգամ հրավերն ստացել ենք բերձորցի երիտասարդներ Աննա Գևորգյանի և Գարիկ Գայստյանի կողմից, ովքեր և աջակցել են այցին՝ Բերձոր: Տեղեկացրեց նաև՝ օրվա ընթացքում այցելել են Բերձորի երկրագիտական թանգարան, դիտել ցուցանմուշները և տեղեկացել Քաշաթաղի շրջանի մասին, որը Հայոց սրբազան տարածք է և ունի հնադարյան բազում պատմամշակութային հուշարձան՝ հայի մասին պատմող:
«Մասունքը» հիմնադրվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում (այժմ՝ տնտեսագիտական համալսարան), 1986-ին` ազգագրագետ, բանահավաք, պարուսույց, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուդիկ Հարոյանի (1948-2013) կողմից: Խմբի նպատակն է միանգամայն մաքուր ներկայացնել և տարածել հայ ազգային ավանդական երգի ու պարի թանկ մասունքները, վերականգնել հայկական ավանդական տոներն ու ծեսերը և դրանք վերադարձնել ժողովրդին: Որոշ ժամանակ խումբը դադարել է գործել, վերաբացվել է 2007 թվականին՝ Ռ. Հարոյանի ջանքերով: 2011-ից խումբը ղեկավարում են Լուսինեն ու Հայարփի Անանյանը, ովքեր և իրենց նվիրումի շնորհիվ մշտագործուն են դարձրել ազգային նպատակներին ծառայող մշակութային խմբի աշխատանքը, որի անդամները նույնպես նվիրված են իրենց կոչմանը: 2017-ի հունվարի 24-ից «Մասունքը» կրում է Ռուդիկ Հարոյանի անունը, ում շնորհիվ իր գործունեության ողջ ընթացքում խումբը ներկայացնում է Ջավախքի, Փերիայի, Վանի, Վասպուրականի, Կարնո, Մուսալեռան, Մուշի, Տարոնի և այլ հայկական ու հայաբնակ շրջանների ավանդական երգի, պարի ու պարերգի բացառիկ նմուշներ: Մոտ 1 ժամ ոգեշունչ ու ազգային երգերով, պարերով հանդես եկավ «Մասունք»-ը՝ ոգևորելով ներկաներին, և պատահական չէր, որ խմբին զուգահեռ դահլիճում նույնպես պարում էին հանդիսատեսներ, Կովսականի «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի համույթի սաները՝ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգն ավարտվեց ընդհանուր շուրջպարով: Սա ավանդույթ է, որ «Մասունք»-ի համերգին հաճախ անմիջական մասնակից է դառնում հանդիսատեսը:
Լ. Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ներկայության համար, իրենց հրավիրողներին, շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանին, ում աջակցությունը մեծ է խմբի՝ այստեղ գտնվելու գործում: Ասաց նաև՝ միշտ պատրաստ են իրենց կատարումներով հանդես գալ Արցախի սուրբ հողում: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը կարևորեց նման խմբերի այցը Քաշաթաղ և հայտնեց շնորհակալություն: «Թաթուլ» համույթի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը բարձր գնահատեց «Մասունք»-ի դերը հայ մշակույթում, ազգագրական երգ ու պարի, ծեսերի ու սովորույթների պահպանման գործում և Լ. Մկրտչյանի հորդորով կատարեց համերգի վերջին երգը: Ի հիշատակ ջերմ հանդիպման՝ «Մասունք»-ի 25 անդամներն ու շատ հանդիսատեսներ լուսանկարվեցին՝ հավատով, որ նման համերգ ու հանդիպում դարձյալ կկայանա Բերձորում:

Զոհրաբ Ըռքոյան  30․03․2019թ․

https://www.facebook.com/Masunq.am/videos/277702186454712/


Comments are closed.