ՀԱՅՈՑ ՊԱՐԱՏՈՒՆ

ՀԱՅՈՑ ՊԱՐԱՏՈՒՆ

«ՆԱՐՈՅ» ազգագրական երգի-պարի համույթը Կիևի փառատոնին. 1990թ., երբ անկախ պետություն ստեղծելու ճանապարհին էինք, երբ դեռ մեր եռագույնը պետականորեն չէր ընդունվել` որպես պետական դրոշ, Ռուդիկ Հարոյանի համարձակ նախաձեռնությամբ «Նարոյը» Կիևում փառատոնին ծածանեց Եռագույնը` որպես ՀՀ պետական դրոշ:
«ՆԱՐՈՅ» ազգագրական երգի-պարի համույթը Կիևի փառատոնին. 1990թ., երբ անկախ պետություն ստեղծելու ճանապարհին էինք, երբ դեռ մեր եռագույնը պետականորեն չէր ընդունվել` որպես պետական դրոշ, Ռուդիկ Հարոյանի համարձակ նախաձեռնությամբ «Նարոյը» Կիևում փառատոնին ծածանեց Եռագույնը` որպես ՀՀ պետական դրոշ:

Ներկայուս գնալով ավելի խորն է գիտակցվում այն իրողությունը, որ մեր ավանդաան պարը, իր աճող մասսայականությամբ, բնական և առավել կենսունակ այն միջողներից է, որով հնարավոր է արդյունավետությամբ լուծել այնպիսի կարևորագույն սոցիալ-հասարակական խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ,առողջ ու կենսախինդ մատաղ սերնդի դաստիարակության, ավանդապահության անհրաժեշտ գիտակցումով նրա գեղագտական ճաշակի համակողմանի ձևավորման ու զարգացման, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ու առողջության ամրապնդման, ազգային ավանդականի լավագույն կողմերի զարգացմամբ մարդկանց դաստիարակության և, իհարկե, հատկապես երիտասարդների ազատ ժամանակի արդյունավետ օգտագործման, նրանց էթնո-հոգեբանական ապակողմնորոշման, կյանքի ու աշխարհի հանդեպ քաղքենիական վերաբերմունքի, ապաքաղաքացիականության ու անտարբերության, անբարոյականացման կանխման և այլ խնդիրները:

   Այո, պարն արժանի է հասարակական  հոգածության հենց վերը նշված բազմաֆունկցիոնալ նպատակադրումներից ելնելով, որոնք խիստ համահնչյուն են նորօրյա մարդու և հատկապես աճող սերնդի գաղափարաբարոյական դասիտարակությունն արդյունավետ միջոցներով իրագործելու կուսակցության արդի պահանջներին:

   Կարծում ենք, այս ուղղությամբ տարվող աշխատանքի հաջողության գրավականը մեր ազգային ավանդական պարային ժառանգության ըստ ամենայնի ուսումնասիրումը, իմաստավորումը, գնահատումն ու արժեքավորումն է, իսկ պարտադիր պայմանը` կենցաղային և սոցիալ-հասարակական նոր պայմաններում այն վերստին համաժողովրդական դարձնելու անհրաժեշտությունը:

   Հենց սկզբից ասենք` այս բնագավառում հատկապես վերջին տարիներին, մենք քիչ ձեռքբերումներ չունենք. կտրուկ աճել է ավանդական երգ ու պարի խմբերի և նրանց երկրպագուների թիվը, հանրապետական մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ուշադրության կենտրոնում են պարային և երաժշտական բանահյուսության պրոպագանդման հարցերը, առավել գունեղ և ազգային նկարագրով են ներկայանում մասսայական հանդիսությունները, փառատոնները, ակտիվացել են բանահավաքչական, հրատարակչական աշխատանքները և այլն: Սակայն այդուհանդերձ շատ են ու գնալով ավելանում են մտահոգություն հարուցող հարցերն ու լուծում պահանջող պրոբլեմները: Այս բնագավառում առկա խոչնդոտները հաղթահարելու, անցանկալի երևույթներն ու պրոցեսները կանխելու և առաջադրված նպատակներին հասնելու հարցերի լուծումը, մեր համոզմամբ, առաջին հերթին կախված է ակունքներից սնվող հայ պարի հետզհետե  զորացող ժողովրդական շարժման բանիմաց և համակողմանի կառավարման պրոբլեմից: Այս ուղղությամբ արվող վճռական քայլերն ուղղակի ժամանակի պահանջն են և անհրաժեշտությունը: Բանն այն է, որ այսօր հանրապետությունում չկա մի կազմակերպություն կամ կենտրոն, որն իր միակ խնդիրը համարեր և համակողմանի ու հիմնովին զբաղվեր հայ ավանդական պարարվեստի սերնդեսերունդ փոխանցման ճանապարհով նրա հարատևման, զարգացման, բազմաթիվ պարանմուշների հավաքման, պահպանման, մեկնաբանման ու հանրայնացման բազմաբնույթ պրոբլեմներով` գիտատեսական խնդիրներից մինչև գործնական, մեթոդական ձեռնարկումները, որոնք կոորդինացնեին այս ուղղությամբ հանրապետությունում կատարվող աշխատանքները: Այդ պահանջները ներկայումս իր բազմաֆունկցիոնալ աշխատաձևից ելնելով չի կարելի իրագործել ո´չ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնը (այստեղ գործող պարարվեստի բաժինը ընդհամենը մեկն է բազմաթիվ բաժիններից ևչունի իր առջև դրված խնդիրները համակողմանի լուծելու համապատասխան հնարավորություններ ու անհրաժեշտ գիտատեխնիկական բազա), ո´չ էլ առավել ևս պարի պարարվեստի այս կամ այն մասնակի հարցերով զբաղվող հիմնարկները`  ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության, արվեստի ինստիտուտները, պարարվեստի ուսումնարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը և այլն:

   Տարանջատվածությունը, կիսատ-պռատությունը, «յոլա տանելը», կադրերի ու միջոցների անբավարարությունն ու ցրվածությունը, պարարվեստի զարգացման հարցերում երկփեղկվածությունը, հստակ ծրագրերի և հեռանկարային խնդիրների անորոշությունը, եթե կուզեք նաև` երբեմն անտեղյակությունն է այսօր բնորոշ այս բնագավառին, իսկ ինչպես նշվես ՍՄԿԿ Կենկոմի խորհրդակցությունում. «Գեղագիտության տարածման նկատմամբ ամեն տեսակի հաշտվողականություն մեզ ոչ միայն առաջ չի տանում, այլև հանգեցնում է այն լավի, վսեմի կորստյանը, ինչ դարերով կուտակել են մեր արվեստը, ժողովուրդը» («Սովետական Հայաստան», 22 հոկտեմբերի, 1986թ.): Ելքը, մեր կարծիքով, մի առանձին մասնագիտացված կազմակերպությունում համախմբված մասնագետների  (ազգագրագետ-պարագետների, բանահավաքների, բանագետների, պարուսույցների, երաժշտագետների, արվեստաբանների, սոցիոլոգների և այլոց) ջանքերի համախմբմամբ միայն կարելի է գտնել: Այս առումով անհետաձգելի խնդիր է  Երևանում պարատան[1] կազմակերպումը:

   Նման հարցադրման իրավացիությունը հուշում է արվեստի, մշակույթի, գրականության, գիտության, սպորտի տարբեր բնագավառների կազմակերպման ու պրոպագանդման առկա փորձը: Իրոք, եթե մենք բացի ստողծագործաան միություններից ունենք նաև գրողների և ճարտարապետների տուն, ժուռնալիստների և կոմպոզիտորների տուն, դերասանի տուն և գիտնականի տուն, որնք, փաստորեն, այդ բնագավառների ձեռնարկումների կազմակերպիչն ու պրոպագանդիստն են հանդիսանում, այդ նույն զուգահեռով ինչու՞ չունենալ նաև պարատուն, որն իր վրա կվերցնի ազգային պարարվեստի պրոպագանդման և կառավարման հիմնական ֆունկցիան:

  Մեր պատկերացմամբ պարատունը կարող է և պետք է դառնա պարարվեստի բնագավառում մասնագիտացված նոր տիպի մի օջախ, մի կազմակերպություն, որի խնդիրների մեջ մտնելու են հայ ժողովրդի պարային ժառանգության ըստ ամենայնի ուսումնասիրումը և ապա, այդ հիմքի վրա,  զարգացման և հարատևման ուղիների բացահայտումը, հայ ավանդական պարարվեստի ժողովրդականացման կազմակերպման ու կառավարման հետ առնչվող բազում հարցերի լուծումը և, իհարկե, այդ բնագավառում շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի համատեղումը, գործունեության կոորդինացումը: Աշխատանքների բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով պարատունը պետք է իրականացնի տարբեր, բայց միմյանց հետ օրգանապես կապված ֆունկցիաներ, լինի բազմադեմ: Նպատակահարմեր է, որ այստեղ ի մի հավաքվեն ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արվեստի ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետի, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությոան գիտամեթոդական կենտրոնի, ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի, Մատենադարանի և զանազան արխիվների ու առանձին անձանց կողմից տնօրինվող պարին վերաբերող զանազան անհրաժեշտ նյութերի կրկնօրինակները, հնարավորդեպքերում` բնագրերը (պարային գրառումներ, պարեղանակների ու պարերգերի ձայնագրումներ, ֆիլմեր, լուսանկարներ և այլն) և մինչև այժմ հրատարակված նյութերը: Կարծում ենք, համապատասխան կադրերի ընտրությունը հնարավոր կլինի ստեղծել հայ պարարվեստի տեսական ու մեթոդական զանազան պրոբլեմների լուծման արդյունավետ կոմպլեքսային գիտական աշխատանքներ ծավալելու ունակ գիտական մի օջախ: (Նշենք, որ ներկայումս հանրապետությունում հայ ավանդական պարարվեստի գիտատեսական հարցերով ի պաշտոնե զբաղվում են ընդամենը երկու մասնագետ, որն, անշուշտ, շատ քիչ է):

   Դրան զուգահեռ պարատունը պետք է հետամուտ լինի մեր ավանդական պարերի, պարերգերի, պարեղանակների նմուշների հայտնաբերմանը, վավերագրմանը, գրանցմանն ու գրառմանը ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմանների դուրս գտնվողզ հայաշատ վայրերում, օգտագործելով տեխնիկայի ժամանակակից միջոցները: սա անհետաձգելի խնդիր է, որովհետև մեր պարային ֆոլկլորի հավաքման, գիտական արձանագրման և սերունդներին առավել հավաստի բնագրային ինֆոմացիա հաղորդելու աշխատանքների ծավալը և կատարման մակարդակը խիստ անբավարար են, իսկ մեր մամիկներն ու պապիկները չեն կարող սպասել այնքան, որ մենք «խելքի գանք»: Ճիշտ է, վերջին տարիներին կազմակերպված բազմաթիվ ազգագրական պարախմբեր սեփական նախաձեռնությամբ փորձում են մոռացումից փրկել շատ պարեր, սակայն չմոռանանք, որ նրանք գործ ունեն բեմի հետ և շատ դեպքերում տուրք տալով ավելի «տպավորիչ» լինելու ցանկությանը, պարուսույցի անփորձության կամ ինչու չէ` երբեմն վատ ճաշակի պատճառով «խմբագրում», վերամշակում են ավանդական պարերը, դրանք ներկայացնում խաթարված տեսքով: Կազմակերպված գիտարշավների արդյունքները, մինչև այժմ հավաքված նյութերը պետք է մշտական գրանցում ստանան պարատան ֆիլմադարանում (վաղուց է հասունացել նաև դրա կազմակերպման հարցը), ֆոտոդարանում, ձայնադարանում, գրառման այս կամ այն սիստեմով արձանագրված պարանմուշների գրառումներում, պարերի ու պարերգերի զանազան հատկանիշներիցհամակարգված քարտադարաններում (խիստ ցանկալի մի նախաձեռնությունում): Եվ իհարկե, այդ ամբողջը պետք է ի մի բերվի և ստանա գիտական արժեքավորում: Այդ դեպքում, մեր կարծիքով, հետազոտողների, մասնագետների ուշադրության կենտրոնում պետք է լինեն տարբեր ազգագրական գոտիների պարանմուշներից ելնելով, դրանց ոճական ընդհանրութունների և առանձնահատկությունների բացահայտման, միևնույն պարի պարաոտքի և եղանակավորման բազմաթիվ տարբերակների ուսումնասիրման և բազմաթիվ այլ հարցեր: Նման պարագայում մենք ձեռքի տակ կունենանք ժողովրդի կողմից ստեղծված այս կամ այն պարի չափանիշը, և այլևս ոչ ոք չի համարձակվի ձևափոխել, այլատեսակ և նույնիսկ անճանաչելի դարձնել արդեն կատարյալը, դարերի կողմից հղկվածը: Այդ վերջին` ազգային պարարվեստի էտալոն տարբերակների ստեղծման և դրանով իսկ պարերի անխաթարության խնդիրը շատ կարևոր է: Իրոք, ինչու՞ պետական հսկողության տակ կարող է առնվել այս կամ այն պատմական հուշարձանը, մշակութային արժեքը, սակայն ոչ երբեք պարանմուշը, որը չէ, որ վերջին հաշվով, նույնպես ազգային մշակույթի արժեք է:

   Բազմակողմանի ինֆորմացիայի առկայությունը անհրաժեշտ ուղղությամբ գիտական աշխատանքների ծավալումը և համապատասխան կազմակերպությունների հետ աշխատանքի կոորդիանցումը ու փորձի փոխանակումը պարատանը թույլ կտան առավել բանիմաց և ներգործուն կառավարել մեր ավանդական պարերի հանրայնացման ընթացքը, իսկ այստեղ անելիքները շատ են:

    Նախ նշենք,որ մինչև այժմ հայժողովրդական պարարվեստի պահպանման հարցում շեշտը հիմնականում դրվել է ազգագրական խմբերի կազմակերպման վրա, մինչդեռ որքան կարևոր, առաջնահերթ է խաղը, երգը, պարը, պարերգը սերնդեսերունդ փոխանցելու, դեռևս չմարած ժողովրդական ավանդույթների ամրապնդումն այն շրջաններում ու ընտանիքներում, որտեղ դրանք դեռ գոյատևում են: Ասել կուզի` ազգային պարավեստի գոյատևման հիմնական նախապայմանը պետք է տեսնել ոչ միայն այդ պարերի` բեմահարթակից ներկայացնելու, այլև  դրանց կենցաղավարման, դրանք կրկին մարդկանց առօրյա մտցնելու, մարդկանց կենցաղի, առօրյայի ենթադրվող բաղադրիչը դարձնելու մեջ:

  Չէ որ դրանք հենց այդպիսիք են եղել ի սկզբանե և հիմա զրկելով դրանց իրենց կենցաղային, առօրյա կիրառումից, դրանք դարձնելով բեմահարթակային կատարումներ, արդյոք մենք չե՞նք խաթարում այդ պարերի նախաստեղծ բնույթը: Շատ կարևոր է ազգային պարերի կենցաղավարման այդ կողմնորոշումը:  Ավանդական պարի ակունքները անաղարտ պահելու արդյունավետ ձևն է սա, կարծում ենք, պարատան աշխատանքի հիմնական ուղիներից մեկը:Այս առումով անհրաժեշտ է ուսումնասիրել այս երևույթի գոյատևման սոցիալ-հոգեբանական, կենցաղային, գաղափարական, հասարակական-քաղքական, նյութական նախադրյալները ինչպես մեզ մոտ, այնպես էլ երկրի զանազան հայաշատ վայրերում (Ջավախք, Արցախ, Կրասնոդարի երկրամասում և Աբխազիայում սփռված համշենահայության և այլն) ու Սփյուռքում և մշակել ու իրականացնել համակողմանի նպատակային ծրագիր` ուղղված ազգագրական այս կամ այն գոտու պարանյութերը սերնդեսերունդ փոխանցելու հնարավոր վայրերի, ուղիների, ձևերի, խթանների ու անելիքների նախանշմանը` ելնելով տեղական առանձնահատկություններից, սովորույթներից, նոր ծիսակատարությունների հետ սերտաճման հնարավորություններից:              Առանձնահատուկ, խիստ կշռադատված ու պատճառաբանված մոտեցման կարիք ունի ֆոլկլորային կոլեկտիվների միջոցով հայկական  հինավուրց պարերի հարատևման, զարգացման, հայ և օտար հանդիսականին ներկայացնելու և, ընդհանրապես, հանրայնացման պրոցեսի կազմակերպումը: Ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում երգի ու պարի բազում ազգագրական խմբերի ստեղծման և ակտիվ գործունեության ճանապարհով վերջին տարիներին, ինչպես ասացինք, հաղթահարվել է ժողովրդական երգի ու պարի նկատմամբ բացասական վերաբերմունքը, գեղջկականը արհամարհելու քաղքենիական հոգեբանությունը, և հինավուրց երգերն ու պարերը իրենց ներքին կենսունակության շնորհիվ, նորօրյա պահանջներին համաքայլ, քաղաքացիության իրավունք են վաստակել: Դրա շնորհիվ այսօր մենք հարստացել ենք խիստ լայն ընդգրկմամբ ազգագարական շրջանների բազմաթիվ տարաբնույթ ու տարաոճ հրաշալի պարերով, վերականգնվել են մոռացության եզրին հասած նվագարանները, պարեղանակները և, որ շատ ավելի տիպական և կարևոր է հայերի համար, վոկալ նվագակցությամբ պարերը` պարերգերը: Այսօր մենք ականատես ենք պրոֆեսիոնալ խմբերին կուրորեն ու մասսայաբար պատճենելու արատավոր պրակտիկայի արժեզրկմանը և երգի ու պարի որոշակի նմուշը մեկը մյուսից գեղեցիկ, տարբերակային մատուցմանը: Սակայն, դրա հետ մեկտեղ մենք առընչվում ենք նաև ֆոլկլորային խմբերի գործունեությամբ պայմանավորված բազում պրոբլեմների, որոնց լուծումը պարատան գործունեության հիմնական մտահոգությունը պետք է դառնա:

  Ահա այդ պրոբլեմներից մի քանիսը: Ներկայումս ազգագարական խմբերը կազմակերպվում են այս ու այնտեղ խիստ տարերայնորեն և նույն կարգով էլ դադարում են գործելուց, և այս հարցում ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Գիտակցված, նպատակային մոտեցմամբ պարատունըպետք է կարգավորի այս իրավիճակը: Բացի այդ, պարային ազգագարական խմբերի կողմից պաճուճված, ավելորդ ոճավորված, երբեմն էլ աղավաղված, ազգագարական գոտուն ոչ հատուկ նյութերով ու ձևերով (պարաշարժում, տարազ, բարբառ և այլն) ներկայացվող պարերի դեմն առնելու նպատակով (իսկ այս երևույթը գնալով մեծ չափեր է ընդունում) պարատունը տարբեր միջոցներով (մեթոդական օգնություն, ուսուցում, խորհրդատուների ամրացում, ինֆորմատորների բացահայտում և օգտագործում, խրախուսում, վարչական միջոցներ և այլն) պարտավոր է վերահսկել պարախմբի կողմից ներկայացվող պարատեսակների բնագրային հավաստիությունը, հարազատությունը ժողովրդի ավանդական պատկերացումներին,  ոճի անաղարտությանը, անմիջականությանն ու ժողովրդական ոգուն:

  Ավելին, օգտագործելով ֆոլկլորով զբաղվողբոլոր կազմակերպությունների արխիվներում «քնած» նյութերը, պարատունը պետք է համալրի այդ խմբերի պարացանկը տվյալ ազգագրական գոտուն հատուկ նոր նյութերով: Պարատունն ուրույն մոտեցում պետք է ցուցաբերի հանդիսատեսին ազգագրական նյութեր մատոցող այն պարախմբերի նկատմամբ, որոնց անդամները մեկ որոշակի ազգագրական գոտու ֆոլկլորի կրողները չեն և պարացանկն էլ, բնականաբար, չի ճանաչում ազգագրական, ռեգիոնալ սահմաններ: Գեղարվեստական ինքնագործության այս ձևը, որպես ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին հաղորդակցվելու միջոց, ներկայումս ցանկալի ու անհրաժեշտ է հատկապես քաղաքաբնակների համար, որոնց թիվը հանրապետության բնակչության մեջ գերակշռում է և աճի միտում ունի: Այստեղ լուծման կարոտ են այնպիսի հարցեր, ինչպիսիք են պարի ու պարեղանակի բնագրային հավաստիության աստիճանը, տարազի որոշակիությունը, պարերգերի բարբառի պրոբլեմը, ազգագրական պարի բեմական զարգացման հնարավորությունները, երգացանկային ընդգրկումները և այլն: Մի բան անվիճելի է` այսպիսի պարախմբերի պարերը այնքան հարազատություն պետք է ունենան ավանդական պարին, ոգուն ու սկզբունքներին, որ բեմից փողոց, հրապարակ իջնելու դեպքում ժողովրդի միջից պարել ցանկացողներով համալրվելով շարունակի հմայել մարդկանց: Հետաքրքիր է նշել, որ այս խմբերի գործունեությամբ որոշակի ազգագարական գոտուն հատուկ մի շարք պարանմուշներ` օրինակ Լորկեն, Մշո Խըռը, Յար Խուշտան, Մայրամեն և այլն, կարծես համահայկականացման պրոցես են ապրում, ինչպես ժամանակին Քոչարին, Վեր-վերին, իսկ այս փաստը նոր խոհերի առիթ է տալիս:

  Այսօր խիստ մտահոգություն է պատճառում ազգագրական խմբերի կողմից հանդիսատեսի դատին ներկայացվող նյութերի որակական մակարդակը, նկատի ունենք պարախմբերի կատարողականի, ավանդականի և բեմականի զուգակցման, բեմական կուլտուրայի, ներկայացվող նմուշի գեղարվեստական ընտրության, տարազների և այլ հարցեր: Կարծում ենք, պարատունը կարող է լինել այն պակասող օղակը, որն ունակ է ընդհանրացնելու և ամփոփելու այս ուղղությամբ հանրապտությունում կուտակված փորձը, իրականացնել համապատասխան մեթոդական և գործնական քայլեր:

Ժողովրդաբեմական հայկական պարի ճակատագիրը շատ բանով պայմանավորված է պարուսույցների մասնագիտական մակարդակով: Ներկայումս պահանջվում են նոր տիպի, նոր որակի պարուսույցներ (նրանք պետք է լինեն ոչ միայն պարը ուսուցանողներ, այլև ակտիվ բանահավաքներ, քաջածանոթ հայ ազգագրությանը և բանահյուսությանը, կարողանան օգտվել գրականությունից, բազմաթիվ և բազմաբնույթ նյութերից, օժտված լինեն բավարար երաժշտական ունակություններով և այլն), որոնք կարողանան բարձրացնել ավանդական պարերի գեղարվեստական-գեղագիտական ֆունկցիան՝ ապահովելով դրանց պահպանումն ու փոխանցումը, նաև որպես արվեստի ստեղծագործություն: Բանն այն է, և սա գաղտնիք չէ, որ ազգագրական խմբերի մասսայական ստեղծման պրոցեսում, օգտվելով այն հանգամանքից, որ հանրապետությունում չեն պատրաստվում երգչախմբերի ու պարախմբերի համապատասխան որակավորմամբ մասնագետներ, այդ գործի շնորհալի նվիրյալների հետ մեկտեղ գործի գլուխ են անցել նաև ստեղծագործական նախաձեռնությունից, ճաշակից, համապատասխան գիտելիքներից զուրկ ոչ քիչ թվով պատահական մարդիկ՝ ունակ միայն կուրորեն և ցածր մակարդակով կրկնելու ուրիշների արածը: Այս իրավիճակից ելնելով կարելի է ենթադրել, որ պարատան գործունեության կարևոր բնագավառներից մեկը լինելու է բարձրորակ կադրերի պատրաստման, վերապատրաստման և գործող խմբերը դրանցով համալրելու գործի կազմակերպումը, սերտ համագործակցելով այս հարցում պարարվեստի ուսումնարանի, Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի և երաժշտական ուսումնական հաստատությունների հետ:

  Պարատանը մտահոգող կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի նաև համապատասխան գիտական օջախների համագործակցությամբ մանկական ֆոլկլորի, տվյալ դեպքում, մանկական խաղերի, պարերի ու պարերգերի ի մի հավաքումը, ըստ ամենայնի ամբողջացումը, ուսումնասիրումը և նախադպրոցական ու դպրոցական հիմնարկների միջոցով երեխաների գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության պրոցեսում դրա կիրառման ուղիների բացահայտումը, աշխատանք, որ այժմ բարձիթողի վիճակում է:

Եվ վերջապես, մի խնդիր ևս: Հայտնի է, որ այսօր մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, սփյուռքի արդյունավետ կապի խնդիրը մեր կուսակցության ու կառավարության հոգածության առարկան է, և դրա բազում ձևերի մեջ իր հատուկ տեղը պետք է ունենա հայ ավանդական պարը: Բանն այն է, որ մինչ օրս մենք սփյուռքին հայակական ազգային պարը մատուցում ենք հիմնականում, այսպես կոչված՝ «բեմադրվող» պարերի միջոցով, որոնք մեր կարծիքով, չունեն ազգային խորին ավանդույթներ, կիսաժողովրդական, գուցե և գեղեցիկ, բայց մտացածին հորինումներ են: Չնայած տարանջատությանը և սոցիալ-հասարակական տարբեր պայմաններում գտնվելուն, մեր և սփյուռքահայերի հոգևոր հարազատությանը նպաստող կարևոր գործոն կլինի այն փաստը, եթե երկուսս էլ, առիթի դեպքում, ցանկացած հավաքույթին կարողանանք պարել նաև մեր հնամենի ավանդական համաժողովրդական պարերը` Վեր-վերին ու Յար Խուշտան, Քոչարին ու Արզումանին, Փափուռին ու Խնկի ծառը, Քերծին ու Լորկեն և այլն: Ահա այս մտահոգությամբ պարատունը պետք է համապատասխան ուղիներ փնտրի: Դրանցից մեկը, որ մինչև օրս չի օգտագործվել, կարող է լինել ավանդական պարի զանազան նմուշների ուսուցման տեսաժապավենների նախապատրաստումն ու առաքումը գաղթօջախներ: Կարևոր դեր կխաղա նաև պարել ու պարեր սովորելու նպատակով հայրենիք եկած սփյուռքահայերի ոչ միայն ակադեմիական ուսուցումը, այլև կցումը պարի ազգագրական այս կամ այն կոլեկտիվին, գիտակ պարուսույցներին:

  Պարատան գործունեության, անշուշտ, ոչ լրիվ, բայց գոնե հիմնական ոլորտների այս նկարագրությունը կուզեինք լրացնել մի քանի կոնկրետ մանրամասներով: Նպատակահարմար է, ասենք, որ պարատունը գործի Ձորագյուղի ստեղծվելիք ազգագրական թաղամասում գտնվող որևէ երկհարկանի տանը, որը բացի անհրաժեշտ աշխատասենյակներից ունենա դեպի լայնարձակբակը նայող արտաքին պատշգմաբ, համերգասրահի, ցուցասրահի հնարավորություններ: Նման պարագայում պարատունը կարող է դառնալ ազգագրական թաղամասի կարևոր աղկացուցիչներից մեկը, ուր հետաքրքրվողները, այդ թվում և զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայ ժողովրդական պարարվեստի դարավոր ավանդներին ինչպես ցուցանմուշների (լուսանկարներ, նվագարաններ, զանազան նյութերի լուսապատճեններ, տարազներ, պարի մեջ օգտագործվող ատրիբուտներ և այլն), այնպես էլ կինոդիտման և շաբաթ կամ կիրակի օրը ազգագրական այս կամ այն խմբի` բակում կազմակերպվող ելույթի միջոցով: Ասենք, որ ընդօրինակման արժանի նման փորձ ունեն Մերձբալթյան հանրապետությունները:

  Ֆոլկլորային որևէ կոլեկտիվի ելույթը Երևանում տեսնելը ներկայումս զուտ պատահականություն է, մինչդեռ պարատունը կարող է դառնալ պարարվեստի այն գործուն օջախը, ուր երևանցին և նրա հյուրերըկարող են եթե ոչ ամեն օր, ապա հաճախ ունկնդրել տարբեր ազգագրական խմբերի հաշվետու ելույթները, համերգ-զրույցները, մասնակիցը լինել պարի երեկոների, պարուսուցման ծրագրերին: Իրոք, պարատունը, ինչու չէ, կարող է և պետք է դառնա այդ առումով մեր ավանդական պարատան կրկնօրինակը, մարդկանց ազատ ժամանակը կազմակերպող մի մշակութային օջախ, ուր կարող է գալ ուզածդ մեկը` ոչ միայն մասնագիտական խորհուրդ ստանալու, այլև հաղորդակցվելու մեր այդքան անկրկնելի պարարվեստին, դիտելու մեր ազգագրական պարերը, նաև, իհարկե ինքը պարելու: Պարատան այդպիսի մթնոլորտում կարող է ընձյուղվել և այնքնա ցանկալի ավանդական պարի պետական պարախումբը:

  Անելիքները շատ են և պետք է համախմբել բոլոր հնարավորությունները ծրագրվածը կյանքի կոչելու համար: Մի բան անվիճելի է. Հայ ազգագրական պարի զարգացման ասպարեզում ստեղծված դրությունը ամենաորոշակի կառավարչական միջամտություն է պահանջում: Հուսով ենք, համոզված ենք, որ այսօրվա` գործնական հարցալուծումների մեր առօրյայում, հասարակական շահագրգռված կարծիքի և պաշտոնատար կազմակերպությունների նախանձախնդիր մոտեցման պայմաններում պարատան ստեղծման գաղափարը կյանքի կկոչվի, կգտնվի պետական կառավարման մի օղակ, համապատասխան մի կազմակերպություն, որը, ձեռնարկելով պարատան կազմակերպման շնորհակալ գործը, զարկ կտա հայ ավանդական պարարվեստի որակական նոր մակարդակի բարձրացմանը: Քանզի այդ են պահանջում մեր ազգային պարարվեստի, հետևաբար և ժողովրդի շահերը:

[1] Հիշենք` հնում հայկական գյուղերում, հատկապես ձմռանը, բավականին հաճախ կազմակերպվող հասարակական պարերի համար հատկացնում էին որևէ մեկի տան մեծ տարածքը (սենյակը, հացատունը, գոմի օդան, սրահը, մարագը): Այդ ծածկված տարածքը անվանվել է խաղատուն կամ պարտուն (պարատուն), և այստեղ առանց հրավերքի պարելու կարող էին գնալ բոլորը:


Comments are closed.