ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ

ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ
ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

(ինքնակենսագրություն)

ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ
Ռուդիկ Հարոյան

Որպես բանահավաք 1978-99թթ. ընթացքում գրառել և նյութը կրողներից պարտադիր ընդօրինակել, սովորել եմ պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների մոտ 300 պարեր և պարերգեր (նկատի ունենք պարոտքի տիպը): Զուգահեռաբար հավաքել եմ նաև այլ բանահյուսական նյութեր’ երգեր, ժողովրդական սովորույթներ, ազգային ավանդական տոներին վերաբերող արարողություններ: Նյութերը գտնվում են իմ անձնական դիվանում’ գրառումների և տեսագրությունների ձևով: Բանահավաքչական ակտիվ աշխատանքը տարել եմ ինչպես մեր հանրապետության տարածքում, այպես էլ դրանից դուրս’ հատկապես Սև ծովի ափին սփռված համշենահայության և Վրաստանի տարածքում գտնվող Բոգդանովկայի, Ախալքալակի և Ախալցիխայի շրջաններում:
Բանահավաքչական աշխատանքների համատեղումը հանրապետությունում առաջատար ազգագրական համույթների («Ակունք», «Մարաթուկ», «Նարոյի», «Փերիա», «Հայրիկ Մուրադյան» և այլն) պարուսույցի կամ գեղարվեստական ղեկավարի գործունեության հետ ինձ հնարարվորություն տվեց այս ճանապարհով մոռացումից փրկել, վերակենդանացնել բազում պարեր, պարերգեր, ծիսական նյութեր:

Որպես պարուսռւյց իմ գործունեության ընթացքում քաղաքային միջավայրում մշակելով ավանդական պարի ուսուցման մեթոդիկա և առաջնորդվելով դրանով պարել եմ սովորեցրել և բեմ բարձրացրել քաղաքային միջավայրում մեծացած և պարել չիմացող, պարային ավանդներ չկրող տարբեր ազգագրական խմբերի ավելի քան 500 անդամների:
1970-ական թվականներին «առանց արմատական վերափոխումների ավանդական պարը բեմ բարձրացնելու անհնարինության», հանրապետությունում տիրող գաղափարախոսության ու գործելակերպի պայմաններում մշակել եմ ավանդական պարը, պարերգը դրա նախնական ոգու և բանաձևի պահպանմամբ բեմադրելու սկզբունքները և բեմադրել պատմական Հայաստանի տարբեր գավառների մոտ 200 ավանդական պարեր և պարերգեր: Միայն «Նարոյ» համույթի երգացանկում ունեմ 60-ից ավելի պարերի և պարերգի նմուշներ : Բեմադրել եմ նաև տարբեր ծիսական արարողություններ’ Ծառզարդար, Զատիկ, Համբարձում, հարսանյաց արարողություններ, Էրիշտայի ծես և այլն, որոնք ներկայումս չնայած ճնշող կացությանը, զգալի մասով կատարվում են նաև այսօր՝ ինչպես բեմում, այնպես Էլ դրանից դուրս: Իմ կողմից բեմադրված գրեթե բոլոր պարերը, պարերգերը, ինչպես և ծիսական բնույթ կրող որոշ նյութեր այստեղ և արտասահմանում ներկայացվել են հանրության դատին համերգների, հեռուստաելույթների, «Հայ երգի ակումբ» հաղորդաշարի, առանձին ֆիլմերի, ազգագրական փառատոնների (այդ թվում և միջազգային) միջոցով: Մոռացումից փրկված այս նյութերի մասին դրվատանքի խոսքերը սփռված են մամուլում:
Իմ գործունեության ընթացքում մեթոդական և գործնական օժանդակություն եմ ցուցաբերել նորաստեղծ և արդեն ճանաչում ստացած շատ ազգագրական համույթների’ «Վան», «Լմբատ», «Զարթոնք», «Զորավար Անդրանիկ», «Կապուտան», «Ծովասար» և այլն:

Որպես հայ ավանդական պարը մասսայականացնող մամուլում առաջ եմ քաշել «Պարատուն» ստեղծելու գաղափարը և ստացել բարոյական և գործնական մեծ աջակցություն: Առաջինը հանրապետությունում 1987-90թթ. կազմակերպել եմ պարատան թեմատիկ հավաքներ, որի անմիջական մասնակիցների թիվը ամեն անգամ անցել է 200- ից: Ջավախքի մշակույթին նվիրված պարատան հավաքներից մեկի արդյունքում ստեղծվել է «Ջավախք» հայրենակցական միությունը: Հանրության արձագանքը «Պարատան» երևույթին լայն ու բուռն էր. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում անվանի ճարտարապետ ի նախաձեռնությամբ պարատան ավարտական դիպլոմային նախագծեր են մշակել ուսանողները, Երևանի Ձորաղբյուր թաղամասում հատուկ նախագծով վերականգման աշխատանքներ սկսվեցին դրա հինավուրց մի կառույցը պարատուն (մշակութային և գիտական կենտրոն) դարձնելու ուղղությամբ: Ցավոք այս արժեքավոր նախաձեռնությունը երկրաշարժից հետո անուշադրության է մատնվել մինչ օրս:
Ակտիվ մասնակիցը, կազմակերպիչը և պարերի գծով հանձնախմբի անդամն եմ եղել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվող ազգագրական երգի պարի ամենամյա փառատոնների:
Նախաձեռնել եմ Արթիկի շրջանի Հառիճ գյուղում Վարդավառի, Երևանում Ծաղկազարդի, Աշտարակ քաղաքում Զատիկի տոնակատարության կորցրած ավանդների վերականգնման աշխատանքները և հասել որոշակի հաջողությունների:

Որպես մանկավարժ 1993թ. Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության ամբիոնի (վարիչ’ պրոֆեսոր Մ. Բրուտյան) և ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինության քաջալերանքով և օժանդակությամբ, հայ պարագիտության հիմնադիր U. Լիսիցյանի պատվին հիմնել եմ Սրբուհի Լիսիցյանի անվան, ավանդական պարի դպրոցը և այստեղ մինչև 1996թ. կեսերը հանրակրթական պարի դասեր և պարատան հավաքների միջոցով ավանդական պարի մասսյական ուսուցում են կազմակերպել իմ կողմից մշակված մեթոդիկայով և ծրագրերով: Այդ ընթացքում ներգրավված պարուսույցների հետ համատեղ աշխատել եմ մոտ 3000 երեխաների հետ’ սկսած մանկապարտեզից, վերջացրած ավագ դպրոցով, ինչպես և պար եմ ուսուցանել տարրական դասարանների դասվարներին, որ իրենք երեխաների հետ պարեն և նրանց սովորեցնեն:
Միաժամանակ մանկավարժական ուսումնարանում դասավանդել եմ «Հայ ավանդական պար» առարկան, ունեցել եմ ավանդական պարի իմ մասնագիտական հոսքը, որի շրջանավարտներր բացի պարելու հմտությունների գծով քննություն տալուց առաջինը հանրապետության մեջ գրավոր ավարտական դիպլոմային աշխատանքներ են պաշտպանել ավանդական պարերին վերաբերվող թեմատիկայով:
Բանահավաքության, պարերի բեմադրման, ավանդական պարերի մասսայականացման ու մանկավարժական գործունեության հետ մեկտեղ աշխատանքներ եմ տարել ավանդական պարի, ծեսերի գիտական ուսումնասիրման, սիստեմավորման ուղղությամբ: Գիտական հետաքրքրություն ներկայացնող հոդվածների և թեզերի կողքին հրատարակել եմ ավանդական երգի, պարի ու խաղի ուսուցման «Չորի-Չորի» խաղ հեքիաթը և «Զատիկ» գրքերը, որոնց պրակտիկ ներդրման բազմաթիվ արձագանքներ ունենք դպրոցներից, մանկապարտեզներից, անգամ արտասահմանից:
«Զատիկ» գիրքն առաջին նմուշն է ծիսական այն մատենաշարի, որ մտահղացել ենք իրականացնել: Մատենաշարի մի մասը կազմող «Ծառզարդար», «Ծաղկազարդ», «Ամանոր», «Հայ ավանդական խաղեր», «Հայոց պարերգերը», «Մանկական հարսանիք» գրքերը ձեռագիր վիճակում գրեթե պատրաստ են և մասնակի օժանդակության դեպքում կարճ ժամանակում կարող են հրատարակվել:

ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ բանահավաք, պարուսույց


Comments are closed.