ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ

Ռուդիկ Հարոյան (1948-2013) ծնվել է Արթիկում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու:

Լինելով Հայրիկ Մուրադյանի երգերի երկրպագու, 1978-ին անդամագրվում է նրա դստեր` բանասիրական գիտությունների թեկնածու, նրբաճաշակ երաժիշտ Մարո Մուրադյանի՝ դեռեւս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին: Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր: Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ ոք հստակ չգիտեր պարի քայլերը: Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց հրավիրված մասնագետները չէին կարողացել գոհացրել:

Հարոյանը, գիտակցելով ավանդական պարի անհրաժեշտությունը, իր առջև նպատակ է դնում ազատ ժամերին ուսումնասիրել եւ գյուղական միջավայրում գործնականում տիրապետել ավանդական պարի հիմունքներին ու ոգուն: «Հանդուգն որոշում էր դա, բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս եւ անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին,- ասում է Հարոյանը:- Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, և «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաև մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը»: Նա դարձավ խմբի առաջին պարուսույցը: Բազմաթիվ համերգներ կազմակերպվեցին հանրապետության շրջաններում, սփյուռքում, հանրային հեռուստատեսությամբ, որոնց ժամանակ Հարոյանի բեմ հանած ազգագրական պարերը փայլեցին իրենց գունագեղությամբ, ոճական ինքնատիպությամբ, ավանդականի բնականությամբ:

Ազգային պարի, պարերգի, գեղջկական երգերի ներխուժումը քաղաքային միջավայր իր հետ բերեց նաև դրանք անեղծ պահելու հրամայականը: Այդ գործում նախանձախնդիր էին «Ակունքը»՝ իր հետևողականությամբ, Հայրիկ եւ Մարո Մուրադյանները, Ռուդիկ Հարոյանը, ովքեր իրենց խորհուրդներով օգնում էին նորաստեղծ ազգագրական խմբերին: Այս առումով, անկասկած, մեծ դեր են խաղացել նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղի ունեցող ամենամյա ազգագրական երգի, պարի փառատոները՝ իրենց բանիմաց հանձնախմբով (պրոֆեսորներ՝ Մարգարիտ Բրուտյան, Ալինա Փահլևանյան, Հայրիկ եւ Մարո Մուրադյաններ, ժենյա Խաչատրյան, էմմա Պետրոսյան, Արուսյակ Սահակյան, Ռուդիկ Հարոյան եւ այլք):

Շուրջ երեք տասնամյակ Ռուդիկ Հարոյանը լրջորեն զբաղվել է բանահավաքչությամբ: Շրջել է հանրապետության և արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ: Իսկ Սեւ ծովի ափին հաստատված համշենահայերի բնակավայրերում, գրառելով նրանց հնօրյա երգն ու պարը, աջակցել է նրանց՝ Մայր հայրենիքում իրենց ավանդական երգերն ու պարերը ներկայացնելուն: Երեւանում 1984-ին, ի մի բերելով համշենցիներին, հիմնադրել է «Համշեն» ազգագրական անդրանիկ խումբը:

Համշեն

Համշեն

1987-1991 թթ. Երեւանում, «Նարոյ» համույթի բազայի հիման վրա, Հարոյանը ազգային պարը, երգը, ծեսը ժողովրդին հասու դարձնելու նպատակով, նախաձեռնում է «Պարատան» թեմատիկ երեկույթ-հավաքներ` նվիրված հայոց այս կամ այն գավառի ազգագրական մշակույթին` իրականացնելով միաժամանակ գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում: Ի դեպ, Ջավախքի ավանդական մշակույթին նվիրված «Պարատան» խանդավառ երեկույթը խթանեց «Ջավախք» հարենակցական միության ստեղծմանը, որի վարչության անդամ ընտրվեց նաև Ռուդիկ Հարոյանը` Ջավախքի ավանդական մշակույթի վերհանման եւ հանրայնացման ավանդի համար:

Ավանդական պարերի, խաղերի, պարերգերի ուսուցման նպատակով պարբերաբար հրավիրվել է Ֆրանսիա, Պարսկաստան, ԱՄՆ: Նա առաջիններից էր, որ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացնում էր ազգային պարարվեստի խնդիրները, մեկնաբանում եւ սովորեցնում պարը եթերում:
Նկատի ունենալով «Պարատան» փորձը, մտահոգ հինավուրց պարերի ճակատագրով՝ Ռ. Հարոյանը 1987-ին մամուլում հարց է բարձրացնում ազգային ավանդական պարի ժառանգությունն ըստ ամենայնի ուսումնասիրելու նպատակով ստեղծել գիտագործնական եւ մշակութային «Պարատուն» կենտրոն, որը հիմնովին կզբաղվի և կհամակարգի ազգագրական պարերի, պարանմուշների հավաքագրման, մեկնաբանման, պահպանման, հանրայնացման, սերնդեսերունդ փոխանցման խնդիրները:

Պարատուն, ձախից Ռուդիկ Հարոյան
Պարատուն, ձախից Ռուդիկ Հարոյան

Հասարակությունը ջերմորեն ընդունեց այդ գաղափարը: Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ՝ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները դիպլոմային հինգ աշխատանք են պաշտպանում այդ թեմայով: Երքաղսովետը Զանգվի ձորում տեղ է հատկացնում «Պարատան» կառույցի համար: Շինարարությունը թափ է առնում, բայց 1990-ին, երկրի անկախացումից հետո, նորաստեղծ իշխանությունը թաղում է «Պարատան» գաղափարը` կիսակառույցը մասնավորեցնելով: Սակայն հայրենի մշակույթի ժառանգության հանդեպ բացառիկ սիրով ու հոգածությամբ, նվիրումով լի գիտնական պարուսույցը մինչև վերջ էլ իր հույսը չէր կորցնում եւ հավատում էր, որ մի օր իրականություն կդառնա իր փայփայած երազանքը՝ հայոց պարատունը:

1990թ., երբ անկախ պետություն ստեղծելու ճանապարհին էինք, Ռուդիկ Հարոյանի համարձակ նախաձեռնությամբ > Կիևում փառատոնին ծածանեց Եռագույնը` որպես ՀՀ պետական դրոշ:
1990թ., երբ անկախ պետություն ստեղծելու ճանապարհին էինք, Ռուդիկ Հարոյանի համարձակ նախաձեռնությամբ <<Նարոյը>> Կիևում փառատոնին ծածանեց Եռագույնը` որպես ՀՀ պետական դրոշ:

1993-ին, կամովին հրաժարվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իր բարձր պաշտոնից, Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի երաշխավորությամբ եւ մասնակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնադրում է հայ պարագիտության հիմնադիր «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը», ըստ էության, առաջինը հանրապետությունում գործնականում իրականացնելով Կոմիտասի փափագը` ավանդական պարը դարձնել հանրակրթական առարկա:
Ռ. Հարոյանը բանահավաքչական, բեմադրական, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, հրատարակել է նաեւ հայկական ավանդական երգերի, խաղ-պարերի ուսուցման «Զորի-Զորի» (1995) , «Զատիկ» (1996) և (2008), «Շեկլիկ փիսիկը» (2004) գրքերը, հեղինակն է ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածների, բեմականացված «Պաս, թե՞ ուտիս», «Տիկնի պսակ» թատերախաղերի, Ամանորին, Տրընդեզին, Ծառզարդարին, Զատիկին, Վարդավառին և ազգային այլ տոների հեռուստատեսային նկարահանումների: Գործնական աշխատանքներ է տարել ֆոլկլորիկ թատրոնի կայացման, խաղերի միջոցով ազգային երգի, պարի ուսուցման մեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ: Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի վարչության անդամ:
     Որպես պարուսույց, գեղարվեստական ղեկավար՝ անուրանալի ներդրում է ունեցել «Ակունք», «Մարաթուկ», Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի «Մասունք»,, Երեւանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի «Նարոյ», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկապատանեկան «Գոհար», «Հայրիկ Մուրադյան» մանկապատանեկան ազգագրական երգի-պարի, Աշտարակի «Փերիա» (1988-1994), «Շապինանդ», Արաբկիրի Հայորդաց տան մանկապատանեկան «Նիգ», Փարաքարի արվեստի դպրոցի, Ավանի մշակույթի տան խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին իր յուրօրինակությամբ եղել է անկրկնելի:

Հայոց մաքուր ու եզակի բանահյուսությանը տեր կանգնելու, սերնդեսերունդ փոխանցելու, մեր ազգային երգի ու պարի թանկ նշխարներն ու մասունքները միանգամայն հայեցի, անխառն ու զուլալ ներկայացնելու ազնիվ մղումով՝ Ռ. Հարոյանը 2007 թ. վերականգնել է «Մասունք» ավանդական երգի-պարի խումբը, որը կարճատև դադարից հետո գործում է մինչ օրս:

Մասունք, աջից` Ռուդիկ Հարոյան
Մասունք, աջից` Ռուդիկ Հարոյան

 

Տոհմիկ պարարվեստի նվիրյալը համոզված էր, որ մեր ազգային պարի շատ նմուշներ համաշխարհային ֆոլկլորի գլուխգործոցներ են: Նրա համոզմամբ՝ մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: «Պարը, պարերգը մարմնի հոգու թարգմանն են, աղոթարանը»,- ասում էր Ռուդիկ Հարոյանը:


Comments are closed.